Շիրակի մարզ։ Մարմաշեն

Մարմաշենի ճարտարապետական համալիրը գտնվում է Ախուրյանի գեղատեսիլ հովտում,(Լենինականից 8-9 կմ հեռավորությամբ, դեպի հյուսիս – արևմուտք)  ձախափնյա մի հարթավայրի վրա, նախկին Ղանլիջա գյուղում  (որը այստեղից փոխադրվեց արևելակողմի սարահարթը ու վերանվանվեց Վահրամաբերդ: 
Հուշարձանախումբը բաղկացած է 4 եկեղեցուց, ժամատնից և այլ կառուցվածքներից: Հիմնական  խմբից անջատ, հյուսիսակողմյան մի բարձունքի վրա պահպանվել է կիսավեր դարձած մատուռանման մի եկեղեցի: Փոքր ինչ հարավ – արևելք, Ախուրյան գետի երկու ափերին, պահպանվել են հին կամրջի մնացորդներ:
Մարմաշենի կազմում մտնող միայն գլխավոր եկեղեցին (որը նաև Վահրամաշեն է կոչվում) ունի ստույգ տեղեկություն կառուցման ժամանակի մասին։ Երկու վկայագրերում էլ     որպես գլխավոր եկեղեցու կառուցող հիշատակված է իշխան Վահրամ Պահլավունու անունը:
 

Դարաշրջանի ճարտարապետական ոճն իր փայլուն կատարելությանն է հասցված այս հուշարձանում: Բոլոր ճակատները հարդարված են զույգ որմնասյուներին հենվող որմնակամարներով որոնց ռիթմն ու համաչափությունը յուրաքանչյուր ճակատի կենտրոնական մասում ընդգծված է ավելի լայն ու բարձր որմնակամարի տակ ամփոփված լուսամուտներով (հարավային ճակատում կամարաձև, արևմտյանում և հյուսիսայինում՝ ուղղանկյուն) : Բարձր արվեստով, ոսկերչական նրբությամբ են մշակված ճարտարապետական բոլոր մանրամասները՝ որմնասյուների (հատկապես անկյունային) խարիսխներն ու խոյակները, լուսամուտների երեսակալները, միակը հանդիսացող արևմտյան շքամուտքը (որի երեսակալում ու վերնաքիվում առկա են անտիկ ճարտա րապետությունից որդեգրած մոտիվները՝ հուլունքաշարի, ատամնաշարի և ականթի տերևների)։ Նույն սկզբունքով (ինչպես ճակատների հարթությունները) մշակված է գմբեթի բազմանիստ թմբուկը, որը պսակված է հովհանոցաձև ծալքավոր վեղարով: Նիստերի անկյունները շեշտված են երեքական որմնասյուներից կազմված փնջերով, որոնք հիմք են հանդիսանում նիստերը պսակող եռանկյունի ճակտոնների համար։

Շիրակի ճարտարապետական դպրոցում առաջաջացած ու ընդհանրական դարձած այս մոտիվները, որ հանդիպում են Անիում (ըստ վերակազմության նախագծերի՝ Մայր տաճարում և ս. Առաքելոց եկեղեցում) Խծկոնքում (ս. Կարապետ, ս, Սարգիս), նույն ժամանակաշրջանի այլ հուշարձաններում (Ամբերդ, Բջնի, հավանաբար՝ Կեչառիդ), լայնորեն կիրառվում են նաև հայ ճարտարապետության զարգացման հաջորդ փուլում:

Մարմաշենի գլխավոր եկեղեցին տաղանդաշատ ճարտարապետի բարձրարվեստ ստեղծագործություն է, Շիրակի ճարտարապետական դպրոցի և միջնադարյան հայ ճարտարապետության գլուխ գործոցներից մեկը։

Գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում գտնվող մյուս եկեղեցին, որից պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան պատերը, նույնպես գմբեթավոր դահլիճի տիպին է պատկանում ու հավանաբար, ժամանակակից է գլխավորին։ Երրորդ եկեղեցին տեղադրված է գլխավորից փոքր-ինչ հեռու, հարավային կողմում: Փոքր չափերի այս հուշարձանը պատկանում է մի այլ, խաչագմբեթ եկեղեցիների տիպին ավանդատներով չորս անկյուններում: Ի տարբերություն նախորդների, սրա ճակատները, ինչպես նաև գմբեթի գլանաձև թմբուկը զուրկ են հարդարանքի միջոցներից: Բացառություն է կազմում միայն արևմտյան ճակատը, որն աշխուժացված է գեղեցիկ շքամուտքով ու նրա վերնամասում տեղավորված ուղղանկյուն լուսամուտով՝ շրջապատված քանդակազարդ երեսակալով:

Թ․ Թորամանյանի կողմից հիշատակված կլոր եկեղեցին հիմնական խմբի չորրորդ հուշարձանն է: Արտաքին շրջանաձև պարագծում ներգծված է խաչ՝ կազմավորված ուղիղ սկզբնամասեր (բեմեր) ունեցող չորս խորաններով, որոնց միջև տեղավորված են մեկական ավանդատներ: Հատակագծային հորինվածքն ու արտաքին պարագծով շրջանցող տրամատավորված գետնախարիսխների ձևերը համանման են Խծկոնքի ս.Սարգիս եկեղեցուն, որպիսի հանգամանքը թույլ է տալիս այս հուշարձանը ևս թվագրել 11-րդ դարով: Հիմնական խմբի մեջ է մտնում նաև ժամատունը, որն ավելի ուշ (անհայտ է երբ) կցվել է գլխավոր եկեղեցու արևմտյան կողմից, ու ծառայել որպես Պահլավունիների իշխանական տոհմի հանգստարան Պատկանում է չորս սյունանի ժամա տների տիպին։ Սրա մեջ է բացվում գլխավոր եկեղեցու միակ արևմտյան դուռը։ Ավերակ դարձած հուշարձանից պահպանվել են պատերի միայն ստորին մասերը: Հյուսիս-արևելյան անկյունում գտնվում է իշխան Վահրամ Պահլավունու գերեզմանի տապանաքարը, որը եկեղեցու հետ միասին նորոգվել է 19-րդ դարի վերջին։

Հիմնական խմբից անջատ տեղադրված փոքր կիսավեր եկեղեցին Թ. Թորամանյանը թվագրում է 7-րդ դարով, սակայն նկատի առնելով գմբեթի գլանաձև թմբուկի պահպանված մասը, այս հուշարձանը ևս պիտի համարվի ժամանակակից մյուսներին:

Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցին պատկանող ու Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում ստեղծված հուշարձանների և հուշարձանախմբի ցուցակը կարելի է լրացնել, հիշատակելով Դպրեվանքը (Անիից դեպի հյուսիս), Մակարավանքը (Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղից 1 կմ հարավ), Կարմիր վանքը (Անիի շրջանի Հայկաձոր գյուղում), Հոգեվանքը (նույն շրջանի Սառնաղբյուր գյուղից հյուսիս-արևմուտք) :

Այսպիսով, զարգացած միջնադարի հայկական ճարտարապետության առաջին փուլում (9—11-րդ դդ.) Անի-Շիրակի ճարատարապետական դպրոցն ունեցել է բազմակողմանիորեն հարուստ ու ծանրակշիռ ներդրում, արտահայտել դարաշրջանի ոճական գլխավոր ուղղությունը, կրողն է հանդիսացել նրա քաղաքաշինական, ճարտարապետագեղարվեստական ու շինարվեստի հիմնական նվաճումների։ Միևնույն ժամանակ դրանք չափանիշի նշանակություն ունեցան, ընդօրինակման աղբյուր ծառայեցին Հայաստանի նույն ժամանակաշրջանի ճարտարապետական մյուս դպրոցների համար: Այդ առումով էլ խոշոր է ու նշանակալից Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցի դերը 9: 11-րդ դարերի հայկական ճարտարապետության մեջ։
Պատմական նույն ժամանակաշրջանում, 9 11-րդ դդ. բերդերի և եկեղեցիների կառուցումներ կատարվեցին նաև Արարատյան նահանգի կենտրոնական մասում՝ Արագածոտն (հարավային հատված), Կոտայք և Մազազ գավառներում: Դրա նախաձեռնողները նույն Պահլավունի իշխաններն էին, հայոց կաթողիկոսները: Ճարտարապետությունն այստեղ հիմնականում զարգացավ սերտ կապեր պահպանելով Շիրակի հետ։

Նյութի աղբյուր՝ Վարազդատ Հարությունյան “Հայկական ճարտարապետության պատմություն” էջ 240֊242

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started